38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ես հավատում եմ այն վկաներին միայն, որոնց դատապարտում են մահվան»

«Ես հավատում եմ այն վկաներին միայն, որոնց դատապարտում են մահվան»
08.05.2009 | 00:00

«ՎԵՐԱԴԱՐՁԱ ՆԱԽՆԻՆԵՐԻՍ ՄՈՏ»
Միխայիլ Նեստերովը պատկերել է իր սիրելի բարեկամներին` Պավել Ֆլորենսկուն (հայր Պավել քահանային) և ապագա քահանա Սերգեյ Բուլգակովին, 1917-ի մայիսին, մի փոքրիկ պարտեզում, որը գտնվում էր հայր Ֆլորենսկու տան կողքին։ Հետագայում հայր Սերգին հիշում էր. «Ըստ Նեստերովի մտահղացման` դա պետք է լիներ ոչ միայն երկու բարեկամների դիմանկար, որը կատարված էր մի երրորդ բարեկամի կողմից, այլև ամբողջ մի դարաշրջանի հոգևոր արտահայտություն։ Այդ երկու դեմքերը, ըստ նկարչի, արտահայտում են միևնույն ըմբռնումը, բայց յուրովի. մեկի համար դա ապագա սարսափների տեսիլքն է, իսկ մյուսի` խաղաղության, ուրախության, հաղթահարման…»
Բուլգակովն իր հուշերում գրում է. «Հայր Պավելն ինձ համար ոչ միայն հանճարեղության մարմնացում էր, այլև արվեստի մի ստեղծագործություն, այնքան ներդաշնակ ու հոյակապ էր նրա նկարագիրը»։
«Իրավունքը de facto»-ում (թիվ 22(82), 27-30.03.2009 թ.) «Հոգու քավարանով» հոդվածում, որը նվիրված էր ռուս փիլիսոփա Իվան Իլյինին, ուշադիր ընթերցողը պետք է որ հիշի, կային տողեր «փիլիսոփաների շոգենավի» մասին, որով 1922-ին իրենց հայրենիքից հավիտյան հեռացան ռուս մտավորականները։ Մենք փորձեցինք ճշտել այդ փաստը և իմացանք, որ այդ շոգենավը միակը չէր։ Դրանք երկուսն էին. մեկի անվանումն էր «Օբերբուրգոմիստր Հաքեն», մյուսինը` «Պրուսիա»։ Այդ երկու նավերով փրկվեցին միայն 120 հոգի իրենց ընտանիքներով։ Մյուսները մեկնեցին, իհարկե` իրենց հաշվին, գնացքներով, որոնք դուրս էին գալիս «Նիկոլաևսկի» կայարանից։ Այդ հրաշքը, քանզի բոլշևիկները չէին խնայում ոչ մեկին, տեղի ունեցավ Լենինի կարգադրությամբ (Աստծո գործերն անքննելի են...), որի մեջ նա պնդում էր. «Մի քանի հարյուր անձանց ձերբակալել և առանց որևէ բացատրության հայտարարել` մեկնե՛ք, պարոնա՛յք»։
Ինչո՞ւ հրաշք... Որովհետև մնացած լավագույն մարդկանց Իոսիֆ Ստալինը ոչնչացրեց 1937-ին... Դրանց թվում և «Ռուսաստանի ամենախելոք մարդուն» (Վ. Ռոզանով)` քահանա Պավել Ֆլորենսկուն, որը չկամեցավ ապրել ու մեռնել իր հայրենիքից դուրս։ Բուլգակովը գրում է. «Ճակատագիրը նրան ասես առաջարկում էր ընտրություն կատարել Սոլովկիի (Գուլագի կալանավայր) ու Փարիզի միջև, ու նա ընտրեց... Հայրենիքը։ Հայր Պավելն օրգանապես չէր կարող ու չէր ցանկանում դառնալ վտարանդի` կամավոր կամ ակամա հայրենի հողից կտրվելու իմաստով։ Ե՛վ նա, և՛ իր ճակատագիրը Ռուսաստանի փառքն ու պատիվն են, չնայած դա միաժամանակ նրա (Ռուսաստանի) մեծագույն ոճրագործություններից էր»։ Արդեն 1921 թվին փակվում է հոգևոր ակադեմիան, որտեղ ծառայում էր հայր Պավելը։ Նույն թվին փակվում է և Սերգիև-Պոսադսկի տաճարը, որտեղ նա քահանա էր։ Եվ նա ստիպված վերադառնում է աշխարհիկ կյանքի` արիաբար չհանելով իր քահանայական կապան։ Այդ թվերին (հիմա էլ` 2009-ին, մեր քահանաները խուսափում են «աշխարհում» կապայով երևալուց) Ֆլորենսկու վարքը նշանակում էր մի բան. այդ շատ խոնարհ տեսքով, ընդգծված հայի դեմքով հոգևորականն առյուծի սիրտ ուներ։ Ի դեպ, նա «հայի դեմք» ուներ, քանզի նրա մայրը հայ էր` Սողոմե Սապարյանցը` Ղարաբաղի ազնվական տոհմից (ռուսների մոտ դա հնչում էր այսպես` Օլգա Պավլովնա Սապարովա)։ Իսկ հայրը Ալեքսանդր Իվանովիչ Ֆլորենսկին էր, ինչը նշանակում է, որ նա կամ հրեա էր, կամ լեհ։ Բայց մայր Ռուսաստանում կան միայն ռուսներ, ինչպես Ամերիկայի «կայսրությունում» չկան այլ ազգեր, այլ կան «ամերիկացիներ»։ Բոլոր դեպքերում, այդ իրարից այնքան հեռու գտնվող ժողովուրդների զավակներից ծնվեց մի հրաշք զավակ, որին անվանեցին Պավել, ինչի մասին նա դեռ կգրի իր զարմանալի գրքում, որը համեստորեն կոչվում է «Անուններ»։ Զմայլված ժամանակակիցները Ֆլորենսկուն կկոչեն «ռուս Լեոնարդո դա Վինչի», «Բլեզ Պասկալ» և այլն։ Բայց նա, իմ համեստ կարծիքով, շատ ավելի բարձր է, ինչպես, ասենք, Բուլատ Օկուջավան, որի մայրը նույնպես հայ էր։ Եվ մենք չպետք է ամաչենք դրանով հպարտանալուց, քանզի դա ոգևորում է մեզ ու հույս տալիս, որ մենք դեռ կկարողանանք դուրս պրծնել այսօրվա քաղքենիության ճահճից...
1928-ին Ֆլորենսկուն աքսորում են Նիժնի Նովգորոդ, որտեղից նրան փրկում է Մաքսիմ Գորկու կինը` Պեշկովան։ Նա մի հնարավորություն էլ ուներ Հայրենիքից հեռանալու, այս անգամ` Պրահա։ Բայց նա նորից հրաժարվեց։ 30-ականների սկզբում խորհրդային մամուլում մի շարք հոդվածներ տպվեցին նրա դեմ։ 1933-ի փետրվարի 26-ին Ֆլորենսկուն ձերբակալեցին ու 5 ամիս անց` հուլիսի 26-ին, դատապարտեցին տասը տարվա կալանքի։ 1934-ից նա գտնվում էր Սոլովեցկի («Սոլովկի») ճամբարում։ 1937-ի նոյեմբերի 25-ին նրան դատապարտեցին մահվան և դեկտեմբերի 8-ին գնդակահարեցին։ Սերգի Բուլգակովն այդ ողբերգության առթիվ գրեց. «Այդ մահը ցնցեց իմ հոգին. դա ռուսական ողբերգության ամենամռայլ իրադարձություններից մեկն է։ Իմ բոլոր ժամանակակիցներից, որոնց ինձ վիճակված էր հանդիպել իմ երկարատև կյանքի ընթացքում, նա մեծագույնն էր, ու նույնքան մեծագույն է նրա վրա ձեռք բարձրացնողների ոճրագործությունը»։ Բուլգակովն իր գրքում Ֆլորենսկու մասին ասում է շատ կարևոր մի բան. «Նրա անձի հոգևոր կենտրոնը, այն արևը, որով լուսավորվում էին իր բոլոր շնորհները, նրա քահանայությունն էր»։
1915-1916 թթ. հայր Պավելը հավաքում է տարբեր տեղեկություններ իր տոհմածառի վերաբերյալ և բացահայտում աներևակայելի խայտաբղետություն` սկսած քաղքենիներից մինչև կոմսեր և դպիրներից մինչև եպիսկոպոս։ Նրանցից միայն կոստրամացի դպիրներն ամբողջովին գրավեցին նրա ուշադրությունը, և նրա հոգում ծնվեց միայն մի ցանկություն` կատարել այն, ինչը նախասահմանված է` ենթարկվել իր ճակատագրին։ 1910-ի մայիսի 28-ին նա գրում է Վ. Ռոզանովին. «Դառը ճակատագիր է կախված մեր ցեղի վրա»։ Այդ նամակում նա գրում է իր պապի մասին (հոր կողմից), որը քահանայի զավակ էր։ «Նա փայլուն ավարտում է ճեմարանը և ուղարկվում ակադեմիա` ուսումը շարունակելու, բայց որոշում է դառնալ բժիշկ։ Մոսկվայի միտրոպոլիտ Ֆիլարետը համոզում է նրան մնալ և գուշակում է, որ եթե նա դառնա վանական, ապա կդառնա միտրոպոլիտ։ Բայց պապս գնում է իր ճանապարհով։ Հաճախ մտածում եմ, որ այդ հրաժարման մեջ կա սկզբունքային սխալ, և մինչև մենք չվերադառնանք քահանայություն, Աստված կքանդի մեր լավագույն փորձերը»։ Եվ հետո, շարունակելով նամակը, Ֆլորենսկին պատմում է իր պապի ահավոր անհաջողությունների մասին, որոնց պատճառը, իր կարծիքով, հենց այդ հրաժարումն էր։
Այս նամակի հետ կապված հիշեցի մի տարօրինակ հոդված, որը կարդացել եմ 20 տարի առաջ, եթե չեմ սխալվում` մեր սփյուռքի ամսագրերից մեկում։ Հեղինակը քահանա էր։ Նա պնդում էր, որ հայերի բոլոր դժբախտությունները սկսվեցին այն պահից, երբ նրանք հրաժարվեցին իրենց առաքելությունից` բարի լուրը բոլոր հարևան ժողովուրդներին քարոզելուց։
Բայց վերադառնանք մեր սիրելի ազնվական քահանա Ֆլորենսկու կյանքին, որը 1911 թ. ապրիլի 23-ին ձեռնադրվում է սարկավագ, իսկ 24-ին` քահանա։ 1911 թ. մայիսի 11-ին նա գրում է Ռոզանովին. «Ես վերադարձա նախնիներիս մոտ։ Ամբողջ հոգեբանությունս շուռ է եկել։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում զգալ քեզ վրա եպիսկոպոսի ձեռքը, որն անմիջականորեն` մարմնապես, ֆիզիկապես կապված է ուրիշ եպիսկոպոսի, առաքյալների, Քրիստոսի հետ։ Չէ՞ որ քեզ վրա զգում ես, ոչ այլաբանորեն, այլ իրապես, Քրիստոսի ձեռքը»։
Հայր Պավելի գրություններում կան շատ հասարակ խոսքեր իր հոգևորական լինելու մասին. «23 ապրիլի, 1916 թ.։ Գիշեր է։ Այսօր լրացավ իմ սարկավագության ուղիղ 5 տարին, իսկ վաղը` ապրիլի 24-ին, կլրանա 5 տարին իմ քահանայության։
Հետ նայելով, ես շնորհակալ եմ իմ Տիրոջը, որը շնորհեց ինձ Իր մեծագույն ողորմածությունը։ Ի՞նչ պիտի անեի ես, ինչպե՞ս պետք է ապրեի առանց հոգևոր աստիճանի։ Ինչպե՜ս դեսուդեն կնետվեի ու կողբայի։ Ինչքա՜ն դժվար կլիներ Աննայի (կնոջը) և երեխաների համար ինձ հետ։ Հիմա էլ լավ չէ, բայց առանց դրա մենք բոլորս կկործանվեինք։ Իհարկե, շատ էին տառապանքները, տհաճությունները` կապված հոգևոր աստիճանի հետ, բայց ի՞նչ են դրանք բոլորը` համեմատած ինձ տրված շնորհի երանության հետ»։ Շատ շնորհներ էին տրված նրան, ինչի համար նրան կոչեցին «ռուս Լեոնարդո դա Վինչի»։ Հիշենք այդ հանճարեղ քահանայի գործունեության բազմակողմանիությունը։ Բացի աստվածաբանական-փիլիսոփայական աշխատություններից, նա գրել է բազմաթիվ հոդվածներ ամենատարբեր թեմաներով` էլեկտրականության, աստղագիտության, մաթեմատիկայի, արվեստի պատմության, իմացության տեսության, հեռանկարի օրենքների, լեզվաբանության, գրականության, բանահյուսության մասին։ Նա ի վիճակի էր գործի լիակատար իմացությամբ խոսելու և գրելու իրարից շատ հեռու բնագավառների, օրինակ` բժշկության, օկուլտիզմի, հնագիտության, տեսողության հոգեբանության, կանանց նորաձևության պատմության, ազնվական ցեղերի տոհմաբանության մասին։ Նա փայլուն գիտեր մի քանի եվրոպական ու արևելյան լեզուներ։ Առանց բառարանի կարդում ու գրում էր եբրայերեն, հունարեն ու լատիներեն։ Թարգմանում էր Կանտի երկերը։ Դարասկզբին տպագրում էր իր բանաստեղծությունները։ Այդ ամենը թողնելով` նա զբաղվեց միայն մի բանով, որի մասին խորհում էր փոքր հասակից` ստեղծել կրոնական գիտություն և գիտական կրոն։
Հիշենք Ֆլորենսկու հայտնի տողերը կրոնի մասին. «Կրոնը հավակնում է լինելու փրկության իրագործողը, և նրա գործունեությունը հենց փրկության մեջ է։ Իսկ ինչի՞ց է փրկում մեզ կրոնը։ Նա մեզ փրկում է հենց մեզնից, փրկում է մեր ներքին աշխարհն իր մեջ թաքնված քաոսից»։
Իր «Անուններ» գրքում «Պավել» անվան վերաբերյալ Ֆլորենսկին գրում է, որ այդ անունը կրող մարդկանց բնորոշ է մի հիմնական ճակատագրական հատկություն` նրանք պետք է տառապեն։ Տառապանքը կապված է նրանց անվան բնության հետ, բայց միաժամանակ դա հաստատում է Պավելի հիմնական հավատը, որ կյանքում անհրաժեշտ է իրականացնել հոգևոր սկզբունքը, ոչ այն պատճառով, որ առանց դրա գոյատևելը սխալ է, այլ պարզապես անհնարին է։
Պավել ԱՆԱՆՅԱՆ
06.05.09 թ.
Հ. Գ. -«Իրավունքը de facto»-ի մայիսի 15-ի համարում կներկայացնենք Պ. Ա. Ֆլորենսկու հանրահայտ «Քրիստոնեություն և մշակույթ»-ը։

Դիտվել է՝ 2690

Մեկնաբանություններ